6. Առավոտյան պահ

Մարտի 26

Մարտի 26

Բարձրյալ Աստված 

«Եվ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովա է, դու մենակ Բարձրյալ ես բոլոր երկրի վրա» (Սաղմոս 83.18)։ 

Երբ բժիշկը հայտնեց Ալբերտոյին, որ նրա փոքրիկ տղան մահանալու է, նրա հոգին խռովվեց։ Բայց ո՞ւմ մեղադրել։ Բժշկությա՞նը, որն անկարող էր պայքարել իր միակ որդու կյանքն արագորեն խլող լեյկոզի դեմ, թե՞ իրեն ու կնոջը, որ ժամանակին չեն նկատել մահացու հիվանդության առաջին ախտանիշները. իսկ միգուցե Աստծո՞ւն է պետք մեղադրել։ Ո՛չ, Աստծուն նա չէր կարող մեղադրել, քանի որ չէր հավատում Նրա գոյությանը։ Ի տարբերություն կնոջը, ով շարունակում էր հավատալ Աստծո գոյության հնացած գաղափարին, տղամարդն ավելի շատ կողմնակից էր փիլիսոփայական գաղափարներին։ 

Քեզ ծանո՞թ է անզորության զգացումը։ Դու երբևէ զգացե՞լ ես ոչնչությունդ թշնամական հանգամանքների առաջ։ Ինչպե՞ս ես վարվում, երբ մարդկային միջոցներդ սպառվում են։ Ո՞ւմ ես դիմում, երբ գիտությունն ու մարդկային մտքի բոլոր ձեռքբերումները վստահաբար պնդում են, որ «անհնար է»։ 

Եթե կյանքում ունեցել ես նման փորձառություն, կհասկանաս, թե ինչ էր զգում Ալբերտոն։ Դանդաղ սահում էին անողոք ու դաժան օրերը։ Շատերի համար այդ օրերը լի էին հույսով ու երազանքներով, իսկ Ալբերտոյի համար կյանքը լցվել էր անանց ցավով։ Նրա սիրելի որդին մոմի պես հանգչում էր։ Կնոջ հավատքն ու վստահությունն Աստծո հանդեպ, Ում նա հանձնել էր բոլոր խնդիրները, վիրավորում էին անհավատ տղամարդուն։ 

Ամպամած ու մռայլ մի օր էլ, երբ Ալբերտոն խոնարհվեց որդու անկողնուն ու նայեց նրա տխուր աչքերին, թվաց, թե տրտմությամբ լի այդ աչքերն իրեն հրաժեշտ են տալիս։ Ալբերտոն այլևս չդիմացավ։ Նա առաջին անգամ ծնկի իջավ, աղաչանքով խնդրեց Աստծուն ողորմած լինել ու փրկել իր փոքրիկին։ Եվ հրաշք տեղի ունեցավ։ Բժիշկները չկարողացան բացատրել տղայի ապաքինման պատճառը։ Այսօր Ալբերտոն կնոջ, ու որդու հետ միասին փառաբանում է Աստծուն։ 

Աստծո գոյությունն ու Նրա իշխանությունը կախված չէ քո հավատից։ Աստված ավելին է, քան նախապաշարմունքները, կասկածներն ու Իր ստեղծած էակների անհավատությունը, որովհետև Նա Աստված է։ Երջանիկ ես, եթե հավատում ես Նրան, իսկ եթե ոչ, մի օր անպայման կհասկանաս, որ Աստված «կա, Նրա անունը Եհովա է, Նա մենակ Բարձրյալ է բոլոր երկրի վրա»։ 

Մարտի 25

Մի՛ տրվիր չարին

«Անպիտան մարդը չարություն կփորի, և նրա շրթունքների վրա կարծես այրող կրակ կա» (Առակաց 16.27)։ 

Հարուստ ամուսնական զույգի սպանության լուրը ցնցեց ողջ Բրազիլիան։ Նրանց սպանել էին քնած ժանանակ։ Եթե այսքանը լիներ այս դաժան սպանության նկարագրությունը, այն ոչնչով չէր տարբերվի հազարավոր նման նորություններից։ 

Սարսափելին այն էր, որ մարդասպաններն այդ ամուսնական զույգի դուստրը, նրա ընկերն ու ընկերոջ եղբայրն էին։ 

Այսօրվա հիշելու համարը հենց այսպիսի մարդկանց է նկարագրում․ «Անպիտան մարդը չարություն կփորի, և նրա շրթունքների վրա կարծես այրող կրակ կա»։ Անպիտան մարդն ապականված է։ Փչացած ուտելիքն աղբամանն են նետում, քանի որ այն այլևս պիտանի չէ։ «Ապականված» մարդը խորը բարոյական ճգնաժամի մեջ է գտնվում։ 

Ինչպե՞ս է մարդն անկում ապրում։ Ամեն ինչ սկսվում է մանրուքից։ Մարդը, հետաքրքրությունից դրդված, հայտնվում է չարի ճանապարհին։ Վտանգավոր դիպվածը գրավում է նրան։ Շարունակելով հետևել այդ ճանապարհին, մարդը դառնում է ցինիկ, անպատկառ։ Նա հասկանում է իր ճանապարհի վտանգավորությունը, բայց արհամարհում է դա, խստացնում է իր սիրտը և բարին անվանում է չար։ Օրեցօր նա ավելի է ու ավելի է ապականվում։ 

Ապականությունը սահմաններ չունի։ Դա մի անհատակ անդունդ է։ Ապականությունն առաջարկում է ավելի ու ավելի բուռն զգացմունքներ, դա անկուշտ ու ագահ անդունդ է։ Եթե կարծում ես, որ արդեն ականատես ես եղել ամենաահավոր տեսարանին աշխարհում, լսել ես ամենասարսափելի պատմությունը, ապա դու չես էլ պատկերացնում, թե ինչի կարող է հասնել փչացած միտքը, որն ընդունակ է մտածել այնպիսի բաներ, ինչ չեն մտածի Հոլիվուդի ամենաընդունակ սցենարիստները։ 

Արդյո՞ք հույս կա ապականված մարդու վերածննդի համար։ Ավետարանն ասում է, որ կա՛ այդպիսի հույս։ Այն պահին, երբ ամենամեղավոր մարդն արձագանքում է Սուրբ Հոգու կանչին ու ընդունում Քրիստոսի վերափոխող շնորհը, տեղի է ունենում նոր ծննդի հրաշքը։ Ներման ողորմությունը ջնջում է ամենը, ինչ եղել է անցյալում, մարդը նոր կյանք սկսելու և նոր պատմություն կերտելու հնարավորություն է ստանում։ Ապագան կառուցելու համար Աստված չի հիմնվում անցյալի վրա։ 

Թող այսօրը դառնա հաղթանակի օր։ Մեծագույն հաղթանակները ձևավորվում են փոքրագույն ձեռքբերումների արդյունքում։ Հաղթի՛ր այսօրվա պայքարում Հիսուս Քրիստոսի օգնությամբ։ Վաղվա օրը հանձնի՛ր Աստծուն ու հիշի՛ր, որ «անպիտան մարդը չարություն կփորի, և նրա շրթունքների վրա կարծես այրող կրակ կա»։ 

 

Մարտի 24

Մարտի 24

Մի՛ գնա խավարի մեջ

«Բայց չեն իմանում և միտք չեն առնում, խավարի մեջ են գնում, երկրի ամեն սյուները շարժված են» (Սաղմոս 82.5)։ 

Կինը բողոքարկեց դատարանի որոշումը։ Դատավորը վճռել էր, որ երեխան պետք է ապրի նախկին ամուսնու հետ։ Կինը հուսահատվել էր, չգիտեր ինչ անել և ում դիմել։ «Դա անարդար է», - բողոքում էր նա։ Դատավորն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ նախկին ամուսինս ազդեցիկ ընտանիք ունի, նրանք հայտնի են ամբողջ քաղաքում»։ 

Այս սաղմոսն ուղղված է նրանց, ովքեր ժամանակին դատավճիռ էին կայացնում Իսրայելում։ Աստծո նախազգուշացումն արդիական է նաև այսօր՝ անկախ մասնագիտությունից ու զբաղվածությունից։ Առանց Աստծո մարդը մոլորվում է խավարում և ցանկացած պահի կարող է սայթաքել։ Խավարի մեջ գտնվող մարդը չգիտի, թե ուր է գնում, սայթաքում է, ընկնում, բարձրանում է ու նորից սայթաքում։ Նա չի հասկանում իրականությունը։ Ցույց է տալիս, թե գիտի, թե որտեղից և ուր է գնում, բայց իրականում նա պարզապես թափառում է։ Երբեմն նա շարժվում է ճիշտ ուղղությամբ, բայց հիմնականում նահանջում է ճշմարիտ ճանապարհից։ 

Մարդկային խնդիրների մեծամասնության առաջացման պատճառը իմաստության բացակայությունն է։ Խոսքն ընտանեկան, մասնագիտական ու ֆինանսական կյանքի մասին է, որտեղ չափանիշների բացակայությունը ստիպում է մարդուն քայլել խավարի մեջ։ Նա փորձում է գտնել ճանապարհը, բայց արդյունքում միայն ցավ է պատճառում ինքն իրեն ու շատերին։ 

Եվ ուրեմն, մինչ կարևոր որոշում կայացնելն ու ամենօրյա գործերով զբաղվելը, հիշի՛ր Հակոբոս առաքյալի խորհուրդը․ «Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս 1.5)։ 

Մի՛ սկսիր օրն առանց Աստծո, որոշումներ մի՛ կայացրու առանց Նրա հետ խորհրդակցելու, որպեսզի չնմանվես մարդկանց, ովքեր «չեն իմանում և միտք չեն առնում, խավարի մեջ են գնում, երկրի ամեն սյուները շարժված են»։ 

 

Մարտի 23

Մարտի 23

Կյանք առանց լույսի

«Ամբարիշտների ճանապարհը խավարի նման է, նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղում» (Առակաց 4.19)։ 

Ամբարիշտ, արատավոր. սա այն մարդն է, ով առանց Աստծո ընտրում է ճանապարհ, և համառորեն գնում է նրանով։ Նրա կյանքում լույս չկա, միայն խավար է, անորոշություն ու անպարկեշտություն։ Նույնիսկ, եթե ինչ-որ բան լուսավորում է նրա կյանքը, դա արհեստական լույս է։ Նրա եռանդի միակ աղբյուրը փառասիրությունն է, հպարտությունն ու եսասիրությունը։ 

Ամբարիշտ մարդու խնդիրը ոչ այնքան նրա արարքի, որքան նրա ով լինելու մեջ։ Նրա ներսում միայն խավար է։ Նա ունակ չէ հասկանալու ինքն իրեն։ Նա ապրում է մոլորության ու խառնաշփոթության մեջ՝ ցավ պատճառելով ու դժբախտացնելով շրջապատի մարդկանց։ 

Ամբարիշտը քայլում է սեփական ճանապարհով։ Նա կարծում է, թե իր ընտրած ճանապարհը լավագույնն է։ Նա վստահում ու հավատում է իր զգացմունքներին, իր մտքին, դատողությանն ու նախապաշարումներին։ Հավատքը տեղ չունի նրա կյանքում։ Նա կարծում է, թե հավատացյալները միամիտ են ժամանակակից կյանքի համար։ Սակայն ամբարիշտը դժբախտ է։ Խավարը ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ ուրախություն է պարգևում նրան։ Խավարի մեջ մարդիկ ապրում են վախով։ Քրիստոսին չճանաչող մարդը վախի դեմ կարող է պայքարել միայն փախուստի կամ ագրեսիայի միջոցով։ Ագրեսիան միշտ ուղեկցվում է վախի զգացումով։ 

Մենք ամեն օր որոշում ենք կայացնում ապրել լույսի, կամ խավարի մեջ։ Լույսի մեջ ապրելը կյանք է պարգևում, իսկ խավարում գտնվելը դատարկություն է։ Խավարում մենք չենք ապրում, պարզապես քարշ ենք տալիս մեր թշվառ գոյությունը։ Քրիստոսն անհամեմատ ավելին է առաջարկում քեզ։ 

Բացի՛ր սիրտդ Հիսուսի առաջ։ Թո՛ւյլ տուր, որ Նրա լույսը լուսավորի քեզ։ Լո՛ւյս եղիր այս աշխարհում։ Մի՛ բավարարվիր կողմնակի դիտորդի դերով։ Գործի՛ր, պատմությո՛ւն կերտիր։ Հիսուսի հետ դա հնարավոր է։ 

Անձնվիրաբա՛ր սկսիր նոր օրը, վստահի՛ր կյանքդ Նրան, Ով երբեք չի պարտվում։ Մի՛ սահմանիր սեփական կանոններ ու արժեքներ։ Հետևի՛ր Աստծո հրահանգներին, որովհետև «ամբարիշտների ճանապարհը խավարի նման է, նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղում»։ 

 

Մարտի 22

Մարտի 22

Փափագ Աստծո նկատմամբ

«Իմ անձը ցանկանում է և փափագում Տիրոջ սրահներին, իմ սիրտը և իմ մարմինը ցնծում են կենդանի Աստծով» (Սաղմոս 84.2)։ 

Մարդկային սրտում ապրում է Աստծո նկատմամբ բնազդային կարիքը։ Սա բացատրություն չունի։ Սա նույնիսկ ավելին է, քան կարոտն Արարչի հանդեպ։ Սա մի ցավ պատճառող դատարկություն է։ Ինչպես թոքերն օդի կարիք ունեն փակ տարածության մեջ, այնպես էլ մենք ունենք Աստծո կարիքը։ Սաղմոսերգուն ասում է․ «Իմ անձը ցանկանում է և փափագում Տիրոջ սրահներին, իմ սիրտը և իմ մարմինը ցնծում են կենդանի Աստծով»։ Սա նորմալ, բնական կարոտ է, անխոնջ փնտրտունք, հոգու փափագ, սրտի սով։ 

Սա քո մեջ կա՝ անկախ այն բանից, հավատո՞ւմ ես Աստծուն, թե՞ ոչ։ Անտրամաբանական է հնչում, բայց դա հենց այդպես է։ Դա փաստ է։ Մարդն ամեն օր կարոտում է Աստծուն։ 

Առանց Աստծո ապրող միլիոնատերը հարցնում է․ «Ի՞նչն է բացակայում իմ կյանքում»։ Նա ամեն ինչ ունի։ Նա շատ հպարտ է, ինքնավստահ ու գոռոզամիտ։ Նա նաև չափազանց եսասեր է։ Նրա կյանքում տեղ չկա Աստծո համար, և հենց այդ դատարկությունն է ցավ պատճառում ու անհանգստացնում նրան։ Մարդը կարոտում է։ 

Հայտնի դերասանը հարցնում է․ «Ինչո՞ւ ես երջանիկ չեմ»։ Որովհետև երջանկությունը կարողություն չէ, այլ Անձ։ «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը», - ասում է Քրիստոսը։ Մարդն անհետևողական է։ Ցանկանալով երջանիկ լինել, նա ձգտում է այն ամենին, ինչն իրեն վնասում է ու կործանում, մերժում է պարզ ու հստակ ճանապարհը՝ բարդացնելով կյանքը հպարտություն ներշնչող փիլիսոփայությամբ ու սովի մատնելով իր ծարավ հոգին։ 

Այսօրվա սաղմոսում հեղինակն Աստծո կարիքն զգացող ու Նրան փնտրող մարդուն համեմատում է մի փոքրիկ թռչնակի՝ ծիծեռնակի հետ, որն Աստծո զոհասեղանի մոտ բույն է հյուսում ապագա ձագերի համար։ Սա Աստծո հետ երջանիկ կյանքի պատկերավոր նկարագրություն է։ 

Դու և հարազատներդ ապահով կլինեք միայն Աստծո հովանու ներքո՝ շրջապատված Նրա ջերմությամբ ու հոգատարությամբ։ 

Այսօր որոշումներ կայացնելու օր է։ Ամեն օր մենք տարբեր որոշումներ ենք ընդունում։ Այսօր դու կարող ես փոխել կյանքիդ ուղղությունը, ընդունել, որ քեզ Աստված է ստեղծել։ Միայն այդ դեպքում կարող ես լավատեսորեն առաջ նայել՝ ընդունելով կյանքի մարտահրավերներն ու հաղթահարելով դժվարությունները։ Այսօր քո օրն է։ Այսօր վերածննդի, վերականգնման, դեպի հաղթանակ տանող ճանապարհի սկիզբն է։ 

Կրկնի՛ր սաղմոսերգուի նման․ «Իմ անձը ցանկանում է և փափագում Տիրոջ սրահներին, իմ սիրտը և իմ մարմինը ցնծում են կենդանի Աստծով»։

Մարտի 21

Մարտի 21

Կյանքը հեշտ չէ

«Ծույլի ճանապարհը փշեղեն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթված է» (Առակաց 15.19)։ 

Խուլիոն չէր սիրում աշխատել։ Երբ նա դեռ փոքր էր, ծնողները կատարում էին նրա յուրաքանչյուր ցանկությունն ու քմահաճույքը։ Լինելով ընտանիքի միակ երեխան՝ Խուլիոն կարծում էր, թե աշխարհն իրեն է պատկանում, և ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Մնում է պարզապես ցանկանալ։ 

Խուլիոն մեծացավ։ Արդեն հասուն տղամարդ էր, սակայն ծնողները շարունակում էին երես տալ նրան։ Ներկայումս Խուլիոն միայնակ է ապրում։ Ծնողները մահացան ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից հետո Խուլիոն անմիջապես վատնեց նրանց թողած ժառանգությունը։ Նա վերջապես հասկացավ, որ կյանքն ամենևին էլ նման չէ կախարդական հեքիաթի։ Այս աշխարհում միայն ցանկությունը բավական չէ ինչ-որ բան ստանալու համար։ 

Հիմա Խուլիոյի կյանքը լի է կարիքներով ու սահմանափակումներով։ Նա երկու անգամ ամուսնացավ, բայց երկու կանայք էլ հասկացան, որ անհնար է ապրել նրա հետ։ Ֆինանսական խարդախության պատճառով նա վեց ամիս բանտում անցկացրեց։ Տղամարդը համոզված է, որ կյանքն անարդար է գտնվել իր նկատմամբ՝ այդքան շուտ զրկելով իրեն ծնողներից։ 

Այսօրվա աստվածաշնչյան տեքստն ասում է, որ ծույլի ճանապարհը փշեղեն ցանկի նման է։ Այդպիսի մարդու կյանքը լի է ցավով ու տառապանքով։ Մարդն առաջ չի գնում, չի առաջադիմում, նա ընկնում է վտանգավոր ծուղակի մեջ։ 

Ծույլի կյանքը լի է խնդիրներով, մինչդեռ ուղիղների ճանապարհը հեշտ է։ Կյանքի ճամփան բավականին դժվար է, և ոչ ոք չի կարող խուսափել կյանքի դժվարություններից։ Երջանկությունը դժվարությունների ու խնդիրների բացակայությունը չէ։ Իմաստուն մարդը հաղթանակներ է ունենում, անտեսելով բոլոր խոչընդոտները։ Ծույլ մարդը միայն դժվարություններ է տեսնում կյանքում, նա պատրաստ չէ պայքարել, չի ցանկանում վճարել հաղթանակի համար։ 

Պատրաստվի՛ր այսօրվա պայքարին։ Կյանքը նման է ֆուտբոլի։ Դու կարող ես հաղթել միայն այն դեպքում, երբ լիովին նվիրվես պայքարին։ Հաղթահարի՛ր դժվարությունները։ Մի՛ վախեցիր քայլ անել դեպի անհայտություն։ Օվկիանոսի մյուս ափն անցնելու համար պետք է լքել հարմարավետ լողափը։ 

Աստծուց իմաստություն ու զորություն խնդրիր։ Պայքարդ անօգուտ է, եթե Աստված քեզ հետ չէ և չի առաջնորդում ծրագրերդ։ Հիշի՛ր, որ «ծույլի ճանապարհը փշեղեն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթված է»։ 


Մարտի 20

Դու պատրա՞ստ ես պայքարի

«Օրհնյալ է Տերը՝ իմ Վեմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը՝ կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու» (Սաղմոս 144.1)։ 

Կյանքը պայքար է, ամեն օրը՝ ճակատամարտ։ Քրիստոնեությունը չպետք է քեզ դարձնի ո՛չ խորհրդավոր, ո՛չ էլ անգործությանը հարմարվող։ Տաքուկ անկյունում նստած, դու ցույց չես տալիս ճշմարիտ հավատքը։ 

Աստված պատրաստում է քեզ կյանքի ճակատամարտերին։ Հիշելու համարն ասում է, որ «Նա սովորեցնում է իմ ձեռքերը՝ կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու»։ Դավիթը խոսում է Հիսուսի հետ ապրող մարդու մասին։ Այդպիսի մարդը նախ փառաբանում է Աստծուն ու ընդունում, որ Աստված իր Վեմն է։ Այն ամենը, ինչ կառուցվում է այդ Վեմի վրա, հավերժական է ու անփոփոխ։ Դավիթը խելագարի պես չի նետվում ճակատամարտի։ Նրան ժամանակ էր անհրաժեշտ Ամենաբարձրյալի մեծությունը ճանաչելու համար։ Դավիթն իր ծրագրերը հանձնում է Աստծուն, վստահում է Վեմին, որովհետև Աստծուն հուսացողը չի ամաչի։ 

Հասկանալով, որ միայնակ չէ, Դավիթը պատրաստ էր մարտի։ Առանց Աստծո պատերազմելն անմտություն է, Աստծուն վստահելն ու չպատերազմելը՝ անհեթեթություն։ 

Եվս մի միտք է արտահայտվում այսօրվա համարում. կյանքը համընդհանուր հաղթանակ չէ։ Այն հաղթանակների հաջորդականություն է, ամեն մի փոքր հաղթանակ մեծ հաղթանակի մի մասն է։ Ամեն օրն առանձնանում է իր պայքարով։ Այսօրվա հաղթանակը վաղվա հաղթանակի երաշխիքը չէ։ Միայն հաղթանակներով լի կյանքը հաղթանակած կյանքի ավարտ չի խոստանում։ Վերջին ճակատամարտի պարտությունը կարող է չեղարկել նախորդ հաղթանակները։ Նապոլեոն Բոնապարտը հաղթանակ տարավ բոլոր ճակատամարտերում, բայց պարտություն կրեց պատերազմում, որովհետև նրա բանակը Վաթեռլոոյի ճակատամարտում ջախջախվել էր։ 

Մինչ պատերազմի գնալը, Դավիթն իր հայացքն ուղղել էր դեպի Վեմը։ Աստվածաշնչում վեմը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին՝ հավերժական Վեմին։ 

Արևելյան կրոնի նվիրյալներից մեկն ինձ հարցրեց․ «Ինչի՞ հիման վրա ես պետք է հավատամ Հիսուսին՝ չհաշված այդ հնագույն գիրքը՝ Աստվածաշունչը»։ Ես պատասխանեցի․ «Իսկ կա՞ արդյոք որևէ գիտական հիմնավորում աստղագուշակությանը, թվագրությանը, բյուրեղային մարմիններին, բուրգերին ու էներգիայի աղբյուրներին հավատալու համար»։ 

Հնացած է համարվում այն, ինչը ժամանակի ընթացքում այլևս անհրաժեշտ չէ։ Աստվածաշունչը հնագույն գիրք է, բայց այն արդիական է ու մնում է հավիտյան (Ա Պետրոս 1.25)։ 

Այսօր ինչպե՞ս ես պատրաստվում հաղթահարել այս նենգ աշխարհի դավադրություններն ու ծուղակները։ Դավիթը ճիշտ միջոց էր ընտրել, որի արդյունքում էլ հաղթանակ տարավ։ Արժե՛ կրկնել նրա նման․ «Օրհնյալ է Տերը՝ իմ Վեմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը՝ կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու»։ 


Մարտի 19

Ընդունել ինքդ քեզ

«Լավ է աննշան լինող՝ բայց ծառա ունեցողը, քան թե ինքն իրեն մեծացնող ու հացի կարոտ եղողը» (Առակաց 12.9)։ 

Դրսևորի՛ր քեզ այնպես, ինչպիսին կաս իրականում։ Մի՛ փորձիր ձևացնել։ Այնքան էլ հաճելի չէ, երբ փորձում ես ուրիշներին ապացուցել, որ շատ բան գիտես, այն դեպքում, երբ գիշերները պառկած նայում ես առաստաղին, ու զգում, որ իրականում ոչինչ էլ չգիտես։ 

Կեղծիքի ու ստի մեջ ապրելը կյանք չէ։ Դու հողին ամուր կանգնած չես։ Տառապում ես քո հորինած պատմության երևակայությամբ։ Քեզ շրջապատող մարդիկ լավ կարծիք ունեն քո մասին, բայց իրականում այդ ամենը բնութագրում է ոչ թե քեզ, այլ քո իսկ հորինած կերպարին։ Երբեմն զգում ես, որ չես համապատասխանում այդ կերպարին։ Երբ գիտակցում ես այդ ամենը, ուրախությունդ փոխվում է հիասթափության ու հուսալքության։ 

Աստվածաշունչ կարդալիս շատերը հարցնում են, թե ինչո՞ւ Հիսուսն անիծեց թզենուն։ Որովհետև այն պտուղներ չունե՞ր։ Ո՛չ։ Անպտղությունը հանցանք չէ։ Անպտուղ լինել, և պտղատու ծառի տեսք ընդունել. ահա թե ինչը բարկացրեց Քրիստոսին։ Կեղծավորությունը նողկալի է ու վնասակար։ Նողկալի է, քանի որ մարդկանց վանում է ստախոս ու երկերեսանի մարդուց։ Վնասակար է, քանի որ կործանում է երեսպաշտի կյանքը։ 

Ինչո՞ւ ձևացնել՝ ասելով, որ տիրապետում ես անգլերեն լեզվին, երբ իրականում միայն մի քանի բառ գիտես։ Ինչո՞ւ պնդել, թե մեքենա ունես, երբ իրականում չունես, կամ էլ զուր պարծենալ դիպլոմով այն դեպքում, երբ համալսարանում չես սովորել։ 

Մարդու համար անեծքը, ով իրեն ներկայացնում է ոչ այնպիսին, ինչպիսին կա, դատարկությունն է։ Անապատ, որ չորացնում է քեզ՝ տանելով հոգեվարքի, դատապարտելով մահվան։ 

Ընդունի՛ր թերություններդ ու թուլություններդ։ Ընդունի՛ր արատներդ։ Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Դա վերականգնման ու ապաքինման առաջին քայլն է, որովհետև «լավ է աննշան լինող, բայց ծառա ունեցողը, քան թե ինքն իրեն մեծացնող ու հացի կարոտ եղողը»։ 

Մարտի 18

Իր ժամանակին

«Ամենի աչքերը քեզ են սպասում, և դու տալիս ես նրանց կերակուրը իրենց ժամանակին» (Սաղմոս 145.15)։ 

Ի տարբերություն մարդու, Աստծո ժամանակի ընկալումը բոլորովին այլ է։ Դա հասկանալու համար մարդը պետք է հրաժարվի ցավից ու հուսահատությունից՝ գիտակցելով, որ այդ ամենն իր սեփական կուրության հետևանքն է։ 

Այսօրվա տեքստում Դավիթը նկարագրում է մարդկային հույսը։ «Ամենի աչքերը» արտահայտությունը մատնանշում է բոլոր մարդկանց։ Մենք բոլորս նման ենք իրար. շտապում ենք, ուզում ենք ամեն ինչ, ու միանգամից։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ տեղի ունենա այստեղ, և հիմա. չէ՞ որ կյանքը չափազանց կարճ է մեր երազանքների ու նպատակների իրականացման համար։ 

Մարդիկ, ում նկարագրում է Դավիթը, չեն ձգտում շքեղության. խոսքը շռայլ քմահաճույքների բավարարման մասին չէ։ Գոյատևելու համար դրանց նվազագույնն էլ բավական է։ Մի՞թե մեծ բան է ամեն օր սպասել հանապազօր հացի։ Դա ի՞նչ Աստված կլինի, որ չբավարարի Իր զավակների տարրական կարիքները։ 

Դավիթն օգտագործում է բնաշխարհից մի տեսարան, քանի որ բնությունն օգնում է հասկանալ կյանքը։ 

Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են թռչունները կերակրում իրենց ձագերին։ Պատկերացրո՛ւ քաղցած, ծղրտացող, սնունդ պահանջող ձագերի մի մեծ խումբ։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն գնով ցանկանում է ապրել և պատրաստ է կերակուրը խլել մյուսի կտուցից։ Դարվինը կասեր, որ գոյատևում են միայն ուժեղները։ Սակայն դա ճիշտ չէ։ Աստված իմաստություն է տվել թռչուններին, և նրանց մայրը կերակրում է յուրաքանչյուրին իր ժամանակին։ Նա ոչ ոքի չի մոռանում, ուշադրություն չի դարձնում ձագերի անհամբերությանն ու ճիչերին։ Մայրը կերակրում է իր ձագերին ճիշտ ժամանակին, ոչ թե այն պահին, երբ իրե՛նք են ցանկանում ուտել։ 

Եթե դու կյանքիդ դժվարին պահերին վստահում ես Աստծուն, իսկ իրադարձություններն այնպես չեն զարգանում, ինչպես դու ես ակնկալում, զինվի՛ր համբերությամբ, հայացքդ ուղղի՛ր Հիսուսին ու սպասի՛ր։ Նա կգա անհրաժեշտ պահին։ Ո՛չ շուտ, որ չմեծարես ինքդ քեզ, ո՛չ էլ ուշ, որ թշնամիներդ չծաղրեն հավատքդ։ Հաջողության հասնելն այն նպատակը չէ, որին դու ձգտում ես։ Նպատակը մի գործընթաց է, որտեղ միավորվում են Աստծո նկատմամբ վստահությունը, պայքարը, ջանքերը, արցունքները, թվացյալ անհաջողություններն ու, մասնավորապես, համբերությունը։ 

Մոտեցի՛ր այսօր այն մարդկանց, ում սիրում ես։ Ասա՛, թե որքան կարևոր ու թանկ են նրանք քեզ համար։ Քաջալերի՛ր նրանց։ Մարդիկ նման են հայելու։ Եթե ժպտում ես նրանց, նրանք ժպիտով են պատասխանում քեզ, եթե տրտմում ես, նրանք նույնպես հուսահատվում ու տխրում են։ 

Մինչ տնից դուրս գալը, կրկնի՛ր․ «Ամենի աչքերը քեզ են սպասում, և դու տալիս ես նրանց կերակուրը իրենց ժամանակին»։


Մարտի 17

Վե՞ր, թե՞ վար

«Կենաց ճանապարհը դեպի վեր է իմաստունի համար, որ խույս տա ցածում դժոխքից» (Առակաց 15.24)։ 

Վե՞ր, թե՞ վար։ Հարցը հենց դա է։ Կատուն, որը տիրոջ հետ ապրում էր բարձրահարկ շենքի վերջին հարկում, մի օր տեսավ, որ դուռը բաց է, և որոշեց տնից դուրս գալ։ Նա մի հարկից մյուսն էր ցատկոտում, վեր ու վար էր անում աստիճաններով։ Սկզբում այդ ամենը նրան հաճելի էր։ Բայց հայտնվելով շենքի մեջտեղի հատվածում՝ մի պահ կանգ առավ։ Նա իրեն վատ էր զգում, չէր կարողանում կողմնորոշվել տարածության մեջ և արդեն չգիտեր՝ բարձրանա՞, թե՞ իջնի, որտե՞ղ է բնակարանը և ինչպե՞ս վերադառնա այնտեղ։ Բարեբախտաբար, տերը գտավ նրան։ 

Երբևէ խորհե՞լ ես՝ բարձրանո՞ւմ ես, թե՞ իջնում։ Հնարավոր է, պարզապես այս ու այն կողմ ես վազում՝ փորձելով գտնել ճանապարհը։ Մի անգամ այսպիսի մի գանգատ լսեցի․ «Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Առավոտից մինչև երեկո աշխատում եմ, ոչ ոք չի կշտամբի ինձ ծուլության մեջ, բայց ես չեմ տեսնում աշխատանքիս արդյունքը»։ Քեզ ծանո՞թ է այս զգացումը։ Չե՞ս շփոթում արդյոք ակտիվությունն արդյունավետության հետ։ Իմաստուն մարդն առավոտյան խելագարի պես դուրս չի վազում տնից։ Նա հանձնում է իր կյանքն Աստծուն, կշռադատում է իր քայլերը, գիտի, թե ինչն է կյանքում առաջնային, կազմակերպում է իր աշխատանքն ու հետո միայն դուրս գալիս՝ ամեն ինչ կազմակերպված անելու նպատակով։ 

Կյանքում կհանդիպես բարդ խնդիրների, կձգտես իրականացնել երազանքներդ։ Եթե իմաստաբար վարվես, չես փորձի ամեն ինչ միանգամից անել։ Յուրաքանչյուր մեծ աշխատանք բաղկացած է փոքր գործողություններից։ Աղյուս աղյուսի վրա, պատ պատի հետևից՝ այսպես են կառուցվում շինությունները։ 

Կյանքն էլ մի կառույց է։ Նպատակնե՛ր դիր ու անվախ առա՛ջ գնա։ Դու երբեք միայնակ չես լինի։ Մի՛ հուսահատվիր, Հիսուսն ուղեկցում ու ամեն անգամ քաջալերում է քեզ, երբ ուժերդ սպառվում են։ 

Հայացքդ դեպի վե՛ր ուղղիր։ Պարգևը քեզ միշտ սպասում է բարձունքում։ Իջնելը հեշտ է։ Բավական է կանգ առնել, և դու արդեն ներքև ես գլորվում։ Իմաստունների ճանապարհը դեպի վեր է, ներքևում մահացածների կացարանն է, զգուշացնում է Սողոմոնը։ Նույնիսկ եթե խորհրդածենք կրոնական համատեքստից դուրս, ներքևում քեզ սպասում է հարմարվողականության ու խղճուկության դժոխքը։ 

Այսօրը դարձրու հաղթանակի օ՛ր։ Սիրի՛ր, ների՛ր, ներողությո՛ւն խնդրիր, վերանայի՛ր նպատակներդ ու երջանի՛կ եղիր։ Թող քո ճանապարհը «դեպի վեր լինի, որ խույս տա ցածում դժոխքից»։ 

 

Մարտի 16

Աստծո բարությունը

«Որովհետև Տերը բարի է, և նրա ողորմությունը՝ հավիտյան, և նրա ճշմարտությունը՝ ազգից մինչև ազգ» (Սաղմոս 100.5)։ 

«Թայմս» ամսագրի հոդվածներից մեկում նկարագրվում է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ջենել Գուսման-Մակմիլանը սովորականի պես բարձրացավ Համաշխարհային առևտրի կենտրոնի վաթսունչորսերորդ հարկը, որտեղ աշխատում էր։ Երիտասարդ կինը դեռ չէր միացրել համակարգիչը, երբ ահազդու մի ձայն լսվեց։ Նա չգիտեր, որ Ամերիկյան ավիաուղիներին պատկանող թիվ 11 չվերթն իրականացնող ինքնաթիռը բախվել էր հսկայական շինության հյուսիսային աշտարակին։ 

Սկզբում Ջենելը չվախեցավ, պարզապես փորձեց հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Նա մոտեցավ պատուհանին և օդում թղթերի ամպ նկատեց։ Ձայներ լսվեցին, ինչ-որ մեկն ասաց, որ ինքնաթիռը բախվել է շինությանը։ Աղաղակ բարձրացավ․ «Անհապաղ պետք է լքել տարածքը»։ Ջենելը սարսափեց։ Նա չգիտեր ինչ անել. իջնե՞լ սանդուղքով, թե՞ վերևում օգնության սպասել։ Հրշեջ ծառայության ազդանշանը խլացնում էր։ Բոլորը խուճապի էին մատնվել, ոչ ոք չգիտեր ինչպես փրկվել։ 

Երբ Ջենելը վերջապես որոշեց ցած իջնել, սանդուղքն ամբողջովին ծխի մեջ էր։ Այդ պահին մի սարսափելի դղրդյուն լսվեց։ Նա մտածեց, որ վերջը մոտ է։ Ջենելը չկարողացավ տեսնել, թե ինչպես փլատակների վերածվեց շինության հարավային աշտարակը՝ խլելով հարյուրավոր կյանքեր։ Առավոտ էր, ժամը 09։ 59 րոպե, և 29 րոպեից պետք է կործանվեր նաև հյուսիսային երկնաքերը։ 

Ջենելը հասցրեց իջնել տասներեքերորդ հարկ, երբ նորից հզոր դղրդյուն լսվեց։ Նա զգաց, որ թենիսի գնդակի նման այս ու այն կողմ է շպրտվում, և կորցրեց գիտակցությունը։ Ուշքի գալով՝ Ջենելն զգաց, որ սեղմված է պատին ու չի կարողանում շարժվել։ Ամբողջ մարմինը ցավում էր։ Հանկարծ Ջենելը դիպավ մի փափուկ բանի ու հասկացավ, որ դա մարդու դի է։ Նա շատ վախեցավ։ Ժամանակն անցնում էր, աղջիկը նորից կորցրեց գիտակցությունը։ 

Նա ուշքի եկավ, երբ արդեն գիշեր էր։ Ջենելն աղաղակեց առ Աստված։ Մի փոքր իրեն լավ զգալով՝ նա շարունակում էր աղոթել։ Մի պահ աղջիկը ձայներ լսեց ու բացականչեց․ «Ես այստե՜ղ եմ։ Ես այստե՜ղ եմ»։ Ինչ-որ մեկն արձագանքեց․ «Տեսնո՞ւմ եք լույսը»։ Ջենելը ոչինչ չէր տեսնում, բայց փրկարարները գտան նրան ու դուրս քաշեցին։ 

Այս ողբերգության ժամանակ Ջենելն իրեն Աստծուն էր հանձնել։ Հիմա նա ամեն օր աղոթում ու Աստվածաշունչ է կարդում։ Կառավարությունը նրան օգնություն ցուցաբերեց, սակայն նա փոխհատուցման համար դիմում չներկայացրեց։ «Հիմա ես քրիստոնյա եմ, - պարզաբանեց Ջենելը։ - Ես ոչ ոքի ոչ մի բանում չեմ մեղադրում։ Մինչ այս պահը ես մտահոգվում էի միայն իմ բարեկեցության ու արտաքին տեսքի համար։ Իսկ հիմա ես կաղում եմ, մարմնիս վրա տգեղ սպիներ են մնացել։ Բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև ես ողջ եմ ու ապրում եմ։ Ու դա բավական է երջանիկ և ուրախ լինելու համար»։ 

Եթե այսօր շրջապատված ես խավարով, ասա՛․ «Տերը բարի է, և նրա ողորմությունը՝ հավիտյան, և նրա ճշմարտությունը՝ ազգից մինչև ազգ»։ 

Մարտի 15

Մարտի 15

Հիսուսը մեր եղբայրն է

«Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, և եղբայրը նեղ օրվա համար է ծնված» (Առակաց 17.17)։ 

Ժամանակակից Մեքսիկայի տարածքում գտնվող հնագույն Էլ-Տախին քաղաքը հնագետների կողմից հայտնաբերվել է 1785 թվականին։ Քաղաքը կառուցված է եղել քարից, այդ իսկ պատճառով լավ է պահպանվել։ Քաղաքում մի քանի մարզադաշտ կա, որոնք նախատեսված են ամերիկյան մարզական խաղերի համար։ Մարզադաշտերի պատերին հայտնաբերվել են զոհաբերության որմնանկարներ, որոնցում պատկերված է եղել մարզիկին գլխատելու տեսարանը։ Զոհի սուրբ արյունը ոռոգում է հողը, և այն պտղաբեր է դառնում։ Հողին թափված մարդու արյունը դառնում էր միջնորդ աստծո և մարդկանց միջև։ 

Հնագույն ժողովրդի ավանդույթները տարօրինակ ձևով փոխանցում են Ավետարանի էությունը։ Հիսուսը տեսավ մարդկության տառապանքներն ու հուսահատությունը, մեղքի պատճառով նրա մահվան մատնվելը, նրա հավիտենական դատապարտությունը։ Այս դրամայում մարդու համար ելք չկար։ «Մեղքի վարձքը մահն է» (Հռոմեացիս 6.23), - ասում է Աստվածաշունչը։ «Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքից պակասված են» (Հռոմեացիս 3.23)։ 

Մենք անհուսալիորեն մխրճվել էինք հանցանքի, մեղքի ու մահվան խավարի մեջ։ Չէր մնացել մի փոքրիկ պատուհան, որը կլուսավորեր։ Մենք անհույս կորած էինք, մոտենում էր մեր գոյության վերջը։ 

Եվ այդ ժամանակ հայտնվեց մեր մեծ Բարեկամը՝ մեր տառապանքների Եղբայրը։ Նա ընդունեց մեր բնությունը, դարձավ մեզանից մեկը, ծնվեց որպես մանուկ, ապրեց անմեղ կյանք և դատապարտվեց որպես հանցագործ և ի վերջո խաչվեց Գողգոթայում։ 

Նրա թափած արյունը ոռոգել է ոչ թե հողը, այլ իմ և քո կյանքը։ Իր զոհով Նա վճարեց մեր պարտքը, մեր մեղքը. Իր վրա վերցրեց մեր հանցանքներն ու մահը՝ տալով մեզ Իր փրկությունը։ 

Այսքանից հետո ինչպե՞ս կարող է մարդն իրեն միայնակ, լքված ու դժբախտ զգալ։ Ինչպե՞ս է մարդն իրեն անհաջողակ ու պարտված համարում։ Գողգոթայի վրա քեզ համար ազդարարվեց ազատության, հաղթանակի ու կյանքի հրովարտակը։ Հիսուսը ոչ միայն քո Բարեկամն է, այլ նաև քո Եղբայրը, ով միշտ պատրաստ է կարեկցել ու աջակցել քեզ, ինչպիսի դրամա էլ դու վերապրես։ 

Առա՛ջ գնա, բարձունքնե՛ր նվաճիր, հիշելով, որ «Բարեկամը սիրում է ամեն ժամանակ», իսկ «Եղբայրը նեղ օրվա համար է ծնված»։ 

 

Մարտի 14

Մարտի 14

Աստված կվերականգնի արդարությունը

«Գիտեմ, որ Տերը դատաստան կանի խեղճի համար, և իրավունք՝ աղքատի համար» (Սաղմոս 140.12)։ 

Աստծո հրամանով Սամվել մարգարեն երիտասարդ Դավթին օծեց թագավոր։ Սավուղը ազնիվ կվարվեր, եթե գահը զիջեր երիտասարդ փոխարինողին։ Դավիթն ուներ դրա իրավունքը որպես Բարձրյալի օծյալ։ Սակայն, չնայելով այս իրավունքի անհերքելիությանը, Սավուղը որոշեց ազատվել հակառակորդից՝ մահվան դատապարտելով Դավթին, և իսկական որս կազմակերպելով նրա դեմ։ 

Այս հանգամանքներում Դավիթը գրեց սաղմոս, որտեղից վերցված է այսօրվա հիշելու համարը։ Սա հուսահատված, իրավունքներից զրկված և հալածված մարդու խնդրանք է։ Սա երկրային պաշտպաններից զուրկ տառապյալի աղաղակ է։ Նրան մնացել էին միայն Աստծուն հավատարիմ կյանքն ու Նրան ապավինելը, այն դեպքում, երբ թշնամիների զինանոցում առկա էին զրպարտությունը, զինուժն ու իշխանությունը։ 

Այնուհանդերձ, տկարացած Դավիթը համոզված է, որ «Տերը դատաստան կանի խեղճի համար»։ Խնդիրն այն չէ, որ մեր ուժերն սպառվում են դժվար պահերին. վհատությունը բնորոշ է մարդուն։ Ցավալին այն փաստն է, որ մարդը չգիտի, թե ինչ կարող է անել Աստված՝ հալածվածին պաշտպանելու Իր ցանկության մեջ։ 

Մենք ապրում ենք անարդար աշխարհում։ Հաճախ անմեղ մարդկանց դատապարտում են, իսկ մեղավորները խուսափում են պատասխանատվությունից, որովհետև օրենքները կատարյալ չեն։ 

Բայցևայնպես, առանց ապացույցների ոչ մեկի չի կարելի դատել։ Սակայն, արդյո՞ք դատավորը կարող է կարդալ մարդու սիրտը։ Դատարանը չպետք է աչառություն դրսևորի, բայց մարդկային դատաստանը կատարյալ չէ, և հնարավոր են սխալներ։ 

Ամեն ինչ այլ է Աստծո հետ։ Նա խոստանում է միջամտել անհրաժեշտ պահին։ Քրիստոնյային մնում է սպասել Աստծո դատաստանին, որը երբեմն, ինչպես մեզ թվում է, ուշանում է, բայց անխուսափելիորեն գալու է։ Դու պետք է իմանաս դա, ինչպես գիտեր Դավիթը։ 

Եթե հոգիդ ճնշվում է անարդարությունից, խնդրի՛ր Աստծուն հեռացնել հոգուդ դառնությունն ու վիրավորանքը։ Հավատով սպասի՛ր Աստծո դատաստանին՝ կրկնելով Դավթի նման․ «Գիտեմ, որ Տերը դատաստան կանի խեղճի համար, և իրավունք՝ աղքատի համար»։ 

Մարտի 13

Մարտի 13

Ամբարիշտների վախճանը

«Չարը մեռնելիս ակնկալությունը կփչանա, և անօրենների հույսը կկորչի» (Առակաց 11.7)։ 

Վախճան, մահ. սա սարսափելի բառ է։ Դա կյանքի ընդհատումն է, անհետացումն ու կործանումը։ Սողոմոնն ասում է, որ վախճանը ամբարիշտների վերջն է։ Ոչ միայն նրանց մարմինները հող կդառնան, այլև կջնջվի նրանց մասին հիշողությունը։ 

Ամեն ինչ այլ ավարտ կունենա արդարների համար։ Արդարը իմաստությամբ է տնօրինել իր ժամանակը՝ ընտրելով կյանքի ճանապարհը։ Առակաց գրքի սկզբում Սողոմոնը նշում է, թե ինչն է ցանկացած իմաստության սկիզբը. «Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է» (Առակաց 1.7)։ Իմաստությունն ընտրելու ունակությունն է։ 

Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում և որոշումներ կայացնում։ Ո՞ւմ հետևել։ Ինչպե՞ս վարվել։ Ի՞նչ անել առաջին հերթին։ Մեղքի ճանապարհն ընդարձակ է ու դյուրին։ Աստծո առաջարկած ճանապարհը լի է դժվարություններով ու խոչընդոտներով։ Ամբարիշտը մտադիր չէ ապրել որոշակի սահմանափակումներով, նա ցանկանում է հետևել իր բնազդներին։ 

Որոշումներ կայացնելիս ամբարիշտը տեսնում է միայն ներկան և քայլում է այն ճանապարհով, որն իրեն թվում է հրապուրիչ, կախարդում և կուրացնում է նրան։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեպի մահ է տանում։ 

Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ մարդիկ ցանկացած գնով ձգտել են հասնել փառքի, հարստության ու իշխանության։ Նրանց ժպտացել է հաջողությունը, նրանց համար հնչել են ծափողջույնները, քայլել են պատմության բեմով՝ ցուցադրելով իրենց պարգևներն ու մրցանակները։ Անցել է ժամանակ։ Որտե՞ղ են նրանք հիմա։ Նրանց մասին նույնիսկ չեն էլ հիշում։ Այսօր երևի շատ քչերը կհիշեն նախորդ դարերի հանրաճանաչ մարդկանցից որևէ մեկին։ 

Հիսուսն այլ ճանապարհ անցավ։ Նա հնազանդվեց Հոր կամքին ու մահացավ։ Նա զոհեց Իրեն, անհետացավ ցորենի հատիկի պես, երրորդ օրը հարություն առավ՝ կյանք շնորհելով միլիոնավոր մարդկանց։ 

Աշխարհի ցանկացած անկյունում հարցրո՛ւ, թե ով է Հիսուս Քրիստոսը, և քեզ կպատասխանեն, որովհետև «արդարների հիշատակը օրհնված կլինի» (Առակաց 10.7)։ Իր հաղթանակը, որը շատերին միգուցե պարտություն թվա, Քրիստոսը նվիրեց մեզ։ 

Ո՞ր ճանապարհով ես քայլում դո՛ւ։ Ի՞նչ փառքի ես տենչում արժանանալ։ Պատրա՞ստ ես այնպիսի ծառայության, որի միակ պարգևը նրանց ժպիտներն ու երջանկությունն է, որոնց դու ես սիրում և ովքեր քեզ են սիրում։ 

Խնդրի՛ր Աստծուց իմաստություն, որպեսզի մտածես ոչ միայն այս, այլև հավիտենական կյանքի մասին, որովհետև «չարը մեռնելիս ակնկալությունը կփչանա, և անօրենների հույսը կկորչի»։ 

Մարտի 12

Մարտի 12
Մի՛ վախեցիր մահից
«Պատվական է Տիրոջ առաջին նրա սուրբերի մահը» (Սաղմոս 116.15)։ 

Ոչ ոք չի ծնվում մահանալու համար։ Մահն անկոչ հյուր է մարդկային կյանքում։ Մենք գալիս ենք այս աշխարհ ապրելու համար, այդ իսկ պատճառով պայքարում ենք մոտեցող մահվան դեմ։ 

Այնուամենայնիվ, մենք ծնված օրից շարժվում ենք դեպի մահ։ Ամեն օրը մեկ օրով ևս կրճատում է մեր կյանքը։ Կյանքն անիմաստ է, եթե մենք դեռ չենք բացահայտել մահին հաղթելու գաղտնիքը։ Իսկ այդպիսի գաղտնիք գոյություն ունի։ Այսօրվա համարում սաղմոսերգուն հաստատում է, որ սարսափելի, նողկալի ու դաժան մահը կարող է պատվական լինել Տիրոջ համար։ 

Ի՞նչ է ուզում ասել Աստված այս տեքստի միջոցով։ Ինչպե՞ս կարող է մահը պատվական լինել Նրա համար։ Ինչպիսի՞ մահվան մասին է խոսում սաղմոսերգուն, ի՞նչ նկատի ունի նա։ 

Համարը չափից ավելի պարզ է։ Այստեղ խոսվում է Աստծուն հավատարիմ ու սուրբ մարդկանց մահվան մասին։ Աստվածաշնչում սուրբ բառը ենթադրում է ոչ թե անմեղություն, այլ քայլել ու ապրել Աստծո հետ։ 

Սրբության փորձառությունն ամենօրյա գործընթաց է։ Դու թույլ ես տալիս Աստծուն ուղղորդել քեզ այնպես, ինչպես հայրն է փոքրիկ որդուն օգնում քայլել։ Երեխան չի կարող քայլել հոր նման. նա սայթաքում է, ընկնում, բայց հոր ուժեղ ձեռքերն ամեն անգամ բարձրացնում են նրան։ Նրանց միավորում է անքակտելի փոխադարձ սերը։ 

Եթե ամեն օր շփվում ես Հիսուսի հետ, ապա դու սուրբ ես։ Եթե կյանքի հաջորդ շրջադարձին հանդիպես մահվան, ապա այն պատվական կլինի Աստծո համար. դու ազատվում ես այս աշխարհի չարչարանքներից, հանգիստ ննջում ես մինչև Հիսուս Քրիստոսի վերադարձը և հարություն կառնես հավիտենական կյանքի համար։ 

Ինչո՞ւ վախենալ մահից։ Արժե վախենալ մահից միայն այն դեպքում, եթե հեռանում ես Աստծուց, եթե Աստված գոյություն չունի քեզ համար։ Այս դեպքում մահն իսկապես կկործանի բոլոր ակնկալիքներդ։ 

Հենց այսօր քայլի՛ր Հիսուսի հետ։ Համոզվա՛ծ եղիր, որ մարդու մահն ու որոշ պատճառներով չիրականացած ծրագրերը ոչինչ են հարության հեռանկարի ու հավիտենական կյանքի հաղթանակի համեմատ։ Հիշի՛ր, որ «պատվական է Տիրոջ առաջին նրա սուրբերի մահը»։ 

Մարտի 11

Մարտի 11
Ճշմարիտ պատասխան

«Շատ դիտավորություններ կան մարդու սրտում, բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ» (Առակաց 19.21)։ 

Ամերիկյան «Ժողովուրդ» ամսագիրը հրատարակեց ֆրանսուհի Ժաննա Կալմանի պատմությունը։ Անժառանգ կինն ամբողջ կյանքում ապրել էր շատ հարմարավետ բնակարանում։ Երբ 1965 թվականին լրացավ նրա իննսուն տարին, նա փաստաբան Ֆրանսուա Ռաֆրեի հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն փաստաբանը պարտավորվում էր ամսական 2500 ֆրանկ վճարել Ժաննային, իսկ նրա մահից հետո բնակարանը կդառնար փաստաբանի սեփականությունը։ Փաստաբանը կարծում էր, թե դա շահավետ գործարք է. նույնիսկ եթե կինն ապրեր հարյուր տարի, փաստաբանը կվճարեր բնակարանի միայն իրական արժեքը։ 

Բայց կյանքը դաժան կատակ արեց Ռաֆրեի հետ։ Նա մահացավ 1995 թվականին յոթանասունյոթ տարեկան հասակում, իսկ Ժաննան դրանից հետո ապրեց ևս երկու տարի։ Նա մահացավ հարյուր քսաներկու տարեկան հասակում։ 

Ստորագրելով պայմանագիրը, Ռաֆրեն կարծում էր, որ իր ծրագիրն, անկասկած, կիրականանա, և նա կկարողանա ձեռք բերել բնակարանը շուկայականից ավելի ցածր գնով։ Արդյունքում, նրա ընտանիքը համարյա երեք անգամ ավելի շատ գումար վճարեց Ժաննա Կալմանին։ Փաստաբանը չգիտեր, որ մարդը պարզապես ծրագրեր է կազմում, իսկ վերջնարդյունքում, ամեն ինչ որոշում է Աստված։ 

Համոզվա՞ծ ես արդյոք, որ Աստծո առաջնորդությամբ են իրականանում ծրագրերդ։ Եթե նայենք պատմությանը, կտեսնենք, որ հզորագույն կայսրություններ են տապալվել, ժողովուրդներ են անհետացել, և արշավանքներ են խափանվել՝ հակառակ նշանավոր մարդկանց հիանալի ծրագրերին։ Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց այն ժամանակ հայտնի գրեթե ողջ աշխարհը՝ կարծելով, որ ոչ ոք չի կարող հաղթել իրեն։ Բայց նա հանկարծամահ եղավ երեսուներկու տարեկան հասակում։ 

Իմաստությունը կայանում է այն բանում, որպեսզի հասկանանք արարվածի կախվածությունն Արարչից, ընդունելով այն փաստը, որ Աստված է վերահսկում ամեն ինչ, իսկ մարդկանց գործերը կախված են Նրա կամքից։ 

Անհանգի՞ստ ես այսօր։ Տհաճ հանգամանքները խեղդո՞ւմ են քեզ։ Զգում ես, որ կյանքդ անիմա՞ստ է։ Մինչ այսօրվա դժվարություններին հանդիպելը նայի՛ր վեր, ծրագրերդ ու անհանգստություններդ հանձնի՛ր Աստծուն, թո՛ւյլ տուր Նրան դիպչել չսպիացող վերքերիդ, կյանքի կոչել չիրականացած երազանքներդ ու չիրագործված ծրագրերդ։ Դիմի՛ր Աստծուն, ասելով, որ այլևս չես ուզում միայնակ քայլել կյանքի ճանապարհով, որովհետև «շատ դիտավորություններ կան մարդու սրտում, բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ»։