6. Առավոտյան պահ
  • Subscribe to RSS

Return to Blog

Մարտի 26

Մարտի 26

Բարձրյալ Աստված 

«Եվ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովա է, դու մենակ Բարձրյալ ես բոլոր երկրի վրա» (Սաղմոս 83.18)։ 

Երբ բժիշկը հայտնեց Ալբերտոյին, որ նրա փոքրիկ տղան մահանալու է, նրա հոգին խռովվեց։ Բայց ո՞ւմ մեղադրել։ Բժշկությա՞նը, որն անկարող էր պայքարել իր միակ որդու կյանքն արագորեն խլող լեյկոզի դեմ, թե՞ իրեն ու կնոջը, որ ժամանակին չեն նկատել մահացու հիվանդության առաջին ախտանիշները. իսկ միգուցե Աստծո՞ւն է պետք մեղադրել։ Ո՛չ, Աստծուն նա չէր կարող մեղադրել, քանի որ չէր հավատում Նրա գոյությանը։ Ի տարբերություն կնոջը, ով շարունակում էր հավատալ Աստծո գոյության հնացած գաղափարին, տղամարդն ավելի շատ կողմնակից էր փիլիսոփայական գաղափարներին։ 

Քեզ ծանո՞թ է անզորության զգացումը։ Դու երբևէ զգացե՞լ ես ոչնչությունդ թշնամական հանգամանքների առաջ։ Ինչպե՞ս ես վարվում, երբ մարդկային միջոցներդ սպառվում են։ Ո՞ւմ ես դիմում, երբ գիտությունն ու մարդկային մտքի բոլոր ձեռքբերումները վստահաբար պնդում են, որ «անհնար է»։ 

Եթե կյանքում ունեցել ես նման փորձառություն, կհասկանաս, թե ինչ էր զգում Ալբերտոն։ Դանդաղ սահում էին անողոք ու դաժան օրերը։ Շատերի համար այդ օրերը լի էին հույսով ու երազանքներով, իսկ Ալբերտոյի համար կյանքը լցվել էր անանց ցավով։ Նրա սիրելի որդին մոմի պես հանգչում էր։ Կնոջ հավատքն ու վստահությունն Աստծո հանդեպ, Ում նա հանձնել էր բոլոր խնդիրները, վիրավորում էին անհավատ տղամարդուն։ 

Ամպամած ու մռայլ մի օր էլ, երբ Ալբերտոն խոնարհվեց որդու անկողնուն ու նայեց նրա տխուր աչքերին, թվաց, թե տրտմությամբ լի այդ աչքերն իրեն հրաժեշտ են տալիս։ Ալբերտոն այլևս չդիմացավ։ Նա առաջին անգամ ծնկի իջավ, աղաչանքով խնդրեց Աստծուն ողորմած լինել ու փրկել իր փոքրիկին։ Եվ հրաշք տեղի ունեցավ։ Բժիշկները չկարողացան բացատրել տղայի ապաքինման պատճառը։ Այսօր Ալբերտոն կնոջ, ու որդու հետ միասին փառաբանում է Աստծուն։ 

Աստծո գոյությունն ու Նրա իշխանությունը կախված չէ քո հավատից։ Աստված ավելին է, քան նախապաշարմունքները, կասկածներն ու Իր ստեղծած էակների անհավատությունը, որովհետև Նա Աստված է։ Երջանիկ ես, եթե հավատում ես Նրան, իսկ եթե ոչ, մի օր անպայման կհասկանաս, որ Աստված «կա, Նրա անունը Եհովա է, Նա մենակ Բարձրյալ է բոլոր երկրի վրա»։ 

Մարտի 25

Մի՛ տրվիր չարին

«Անպիտան մարդը չարություն կփորի, և նրա շրթունքների վրա կարծես այրող կրակ կա» (Առակաց 16.27)։ 

Հարուստ ամուսնական զույգի սպանության լուրը ցնցեց ողջ Բրազիլիան։ Նրանց սպանել էին քնած ժանանակ։ Եթե այսքանը լիներ այս դաժան սպանության նկարագրությունը, այն ոչնչով չէր տարբերվի հազարավոր նման նորություններից։ 

Սարսափելին այն էր, որ մարդասպաններն այդ ամուսնական զույգի դուստրը, նրա ընկերն ու ընկերոջ եղբայրն էին։ 

Այսօրվա հիշելու համարը հենց այսպիսի մարդկանց է նկարագրում․ «Անպիտան մարդը չարություն կփորի, և նրա շրթունքների վրա կարծես այրող կրակ կա»։ Անպիտան մարդն ապականված է։ Փչացած ուտելիքն աղբամանն են նետում, քանի որ այն այլևս պիտանի չէ։ «Ապականված» մարդը խորը բարոյական ճգնաժամի մեջ է գտնվում։ 

Ինչպե՞ս է մարդն անկում ապրում։ Ամեն ինչ սկսվում է մանրուքից։ Մարդը, հետաքրքրությունից դրդված, հայտնվում է չարի ճանապարհին։ Վտանգավոր դիպվածը գրավում է նրան։ Շարունակելով հետևել այդ ճանապարհին, մարդը դառնում է ցինիկ, անպատկառ։ Նա հասկանում է իր ճանապարհի վտանգավորությունը, բայց արհամարհում է դա, խստացնում է իր սիրտը և բարին անվանում է չար։ Օրեցօր նա ավելի է ու ավելի է ապականվում։ 

Ապականությունը սահմաններ չունի։ Դա մի անհատակ անդունդ է։ Ապականությունն առաջարկում է ավելի ու ավելի բուռն զգացմունքներ, դա անկուշտ ու ագահ անդունդ է։ Եթե կարծում ես, որ արդեն ականատես ես եղել ամենաահավոր տեսարանին աշխարհում, լսել ես ամենասարսափելի պատմությունը, ապա դու չես էլ պատկերացնում, թե ինչի կարող է հասնել փչացած միտքը, որն ընդունակ է մտածել այնպիսի բաներ, ինչ չեն մտածի Հոլիվուդի ամենաընդունակ սցենարիստները։ 

Արդյո՞ք հույս կա ապականված մարդու վերածննդի համար։ Ավետարանն ասում է, որ կա՛ այդպիսի հույս։ Այն պահին, երբ ամենամեղավոր մարդն արձագանքում է Սուրբ Հոգու կանչին ու ընդունում Քրիստոսի վերափոխող շնորհը, տեղի է ունենում նոր ծննդի հրաշքը։ Ներման ողորմությունը ջնջում է ամենը, ինչ եղել է անցյալում, մարդը նոր կյանք սկսելու և նոր պատմություն կերտելու հնարավորություն է ստանում։ Ապագան կառուցելու համար Աստված չի հիմնվում անցյալի վրա։ 

Թող այսօրը դառնա հաղթանակի օր։ Մեծագույն հաղթանակները ձևավորվում են փոքրագույն ձեռքբերումների արդյունքում։ Հաղթի՛ր այսօրվա պայքարում Հիսուս Քրիստոսի օգնությամբ։ Վաղվա օրը հանձնի՛ր Աստծուն ու հիշի՛ր, որ «անպիտան մարդը չարություն կփորի, և նրա շրթունքների վրա կարծես այրող կրակ կա»։ 

 

Pingbacks

0 comments

Add Comment
 

Add your comment

(required)
(not shown)
I have read and accepted the terms and conditions