5. Հովիվ

003. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Նրանքամեն տեղ քարոզում էին, և Տերը գործակցում էր նրանց…» (Մարկոս 16.20)։

Համագործակցությունը բարձր արդյունավետ քրիստոնյաներին յուրահատուկ հմտություն է։

Համացանց եկեղեցու մակարդակով ամեն օր կատարվում են հրատարակչական, լրագրողական, թարգմանչական և նմանատիպ աշխատանքներ։ Ցանկացողները կարող են դրանց մասնակցել, և դրա համար կարող եք դիմել ինձ, և մենք միասին կգտնենք համագործակցության եզրերը։ Հանագործակցության բնույթին ծանոթանալու համար կարդացեք շարադրանքը ստորև։ 

Իսկ նրանց, ովքեր արդեն համագործակցում են. ձեր աշխատանքներն ավելի արդյունավետ կատարելու համար ծանոթացեք ստորև տրվող հանձնարարականներին։

«Սերտենք Աստվածաշունչը միասին (ՍԱՄ)» նախագծի շրջանակներում թարգմանվում և  http://adventist.am  կայքում տեղադրվում են համաշխարհային երկու բլոգերի գրառումները (Աստվածաշունչ և Էլեն Ուայթ), ինչպես նաև առավոտյան պահը (ընթերցումը), նորություններ, հոդվածներ և այլն։

Համացանց եկեղեցու անդամներից ամսվա համապատասխան օրերի համար որոշակի անդամներ կան, ովքեր թարգմանում են նշված և այլ նյութերը անգլերենից կամ ռուսերենից։ Եթե յուրաքանչյուրը ամիսը ընդամենը ՄԵԿ անգամ դա անի, ապա մենք կունենանք ամբողջ ամսվա նյութը։ 

Ասեմ, որ այդ նյութերը տեղադրվում են http://adventist.am կայքում և հարակից այլ կայքերում ու սոցիալական ցանցերում կամ օգտագործվում են ուղիղ եթերում ամեն օր ժամը 21:00-ին Աստվածաշնչի համապատասխան գլխի ընթերցման ժամանակ։ 

Ուղիղ եթերին մասնակցելու հղումը կարող եք գտնել կայքի հայտարարությունների մեջ այստեղ։ 

Բացի թարգմանչական աշխատանքներից կատարվում են նաև լրագրողական աշխատանքներ։ 

Ամեն օր նոր նյութ է տեղադրվում Համացանց եկեղեցու ֆեյսբուքյան էջում։

Պատրաստվում կամ թարգմանվում են նորություններ (լուրեր)։

Գրվում կամ թարգմանվում են նաև հոդվածներ։

Թարգմանելով համապատասխան նյութը, այն ուղարկվում է իմ էլեկտրոնային փոստին` pavelsargsyan@yahoo.com հասցեով կամ էլ իմ սկայպի հասցեով`  doctorpaulsargsyan 

Ստորև ներկայացվում են հանձնարարականներ, որոնց հետևելով ավելի արդյունավետ կլինի համագործակցությունը և երկուստեք հաղթանակ կտարվի. դուք կսովորեք ավելի համապատասխանել հրատարակչական պահանջներին, ինձ համար էլ հեշտ կլինի խմբագրելը։

    ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

1. Վերնագիրը գրել մեծատառերով։

2. Պահպանել պարբերությունները։

3. Պարբերությունները պետք չէ խորքից գրել։

4. Աստվածաշնչյան գրքերի անունները գրել լրիվությամբ։

5. Պահպանել աստվածաշնչյան համարների գրելաձևը (տե՛ս շաբաթօրյա դպրոցի էջում հարցերի մեջ կամ էլ դասագրքի մեջ)։

6. Աստվածաշնչյան համարների տեքստը փոխել և գրել ժամանակակից ուղղագրությամբ և արտասանությամբ։

Օրինակ` ոչ թե նորա, այլ` նրա, ոչ թե կատարվեցավ, այլ` կատարվեց, ոչ թե ասեց, այլ` ասաց և այլն։
Չօգտագործել վերևի ստորակետը (ապոստրոֆը ), ավելորդ միջակետերը, ավելորդ «ը» կամ «ն» տառը բառավերջում և այլն։
«Եվ» տառը գրել այսպես` «և» և ոչ թե այսպես` «եւ»։

7. Հնարավորության դեպքում գրել յունիկոդ տառատեսակներով։

8. Եթե նկարներ են ուղարկվում, ապա ուղարկեք առանձին։ Պետք չէ դրանք ընդգրկել տեքստային ֆայլի մեջ։

9. Նյութը ներկայացնելիս ձգտեք թերի բաներ չմնան, որպեսզի իմ կողմից ես միայն արագորեն կարդամ և տեղադրեմ։

10. Եթե թարգմանության կամ շարադրման հետ կապված հարցեր են առաջանում, ապա փորձեք դրանք լուծել այլ մասնագետների օգնությամբ կամ համացանցի միջոցով։ Փորձեք բոլոր հնարավոր միջոցներից օգտվել և միայն ամենավերջում` ինձ դիմեք։ Դա կօգնի ձեր զարգացմանը։

11. Հնարավորության դեպքում նշեք տեղեկատվության աղբյուրը։

12. Ձգտեք նախատեսված ժամկետից շուտ, նախապես ուղարկել պատրաստի նյութը։

Նախապես ընդունեք իմ խորին շնորհակալությունը Համացանց եկեղեցու զարգացմանը և Աստծո փառքին նպաստելու համար։ 

Թող Աստված օրհնի ձեզ։


Միշտ պատրաստ ձեզ ծառայելու և ձեզ հետ համագործակցելու,
Պավել Սարգսյան, 
Համացանց եկեղեցու հովիվ

002. Բնավորության որոնումները

Երեկ սկսեցի կարդալ Charles R. Swindoll, The Quest for character (Բնավորության որոնումները) գիրքը անշտապ ուսումնասիրելով հանդերձ։

Որպես բնաբան են ընտրված Հակոբոս 1.2-4 համարները. «Բոլորովին ուրախություն համարեցեք, եղբարներս, երբ որ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք։ Գիտենալով, որ ձեր հավատի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ (հասուն բնավորությամբ մարդ դառնաք - Ֆիլիպսի թարգմանություն) և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Ռոբերտ Բալարդն այսպես է գրում իր ամբողջ կյանքի երազանքի մասին. «Տիտանիկին ուղղված իմ առաջին հայացքը տևեց մի քանի րոպե, բայց օվկիանոսի հատակից բարձրացած նրա վիթխարի կմախքի այն փայտացած հայացքը ընդմիշտ կհիշեցնի այդ պատկերը, որ ներթափանցել է իմ ուղեղը։ Իմ ամբողջ կյանքի երազանքն էր գտնել այդ մեծ նավը, և տասներեք տարիների ընթացքում նրա որոնումները տիրում էին իմ կյանքի վրա։ Հիմա, վերջապես, որոնումներն ավարտվել են», «... Որոնումներն ավարտվել են։ Թող նա խաղաղությամբ հանգչի»։ Առաքելությունն ավարտված է։

Ամբողջ կյանքի երազանք. որոնումներ... Ի՞նչ է նշանակում որոնումներ (անգլերեն quest): Վեբսթերի բառարանը գունագեղ սահմանում է տալիս որոնումներ (quest) բառին. «Ասպետական ձեռնարկ միջնադարյան ռոմանտիկայով, որ սովորաբար ներառում է արկածախնդիր ճանապարհորդություն»։

Որո՞նք են քո որոնումները։ Դու ունե՞ս ամբողջ կյանքի երազանքը։ Ինչ-որ բան, որ իշխում է քո կյանքում, որ բավարար է, որ  ուշադրությունը գրավի 13 կամ ավելի տարիների ընթացքում։ Որոնումները վառելանյութ են մեր ներքին կրակի համար։

Մենք բոլորս էլ շրջապատված ենք և օգտվում ենք ինչ-որ մեկի որոնումների արդյունքից։ Թույլ տվեք դրանցից մի քանիսը թվարկել.

1. Իմ գլխավերևում վառվում է էլեկտրական լույսը։ Շնորհակալություն, Էդիսոն։

2. Ես հիմա Mac համակարգչից եմ օգտվում։ Շնորհակալություն, Ջոբս։

3. Ես երթևեկում եմ մեքենաներով։ Շնորհակալություն, Ֆորդ։

4. Ես շատ օգտակար գրքեր ունեմ։ Շնորհակալություն, հեղինակներ։

5. Իմ ուղեղը կարողանում է գաղափարներ ու մտքեր ծնել, հիշողություններ ունենալ և  ստեղծագործել։ Շնորհակալություն, ուսուցիչներ։

6. Ես ունեմ իմ ներքին դիմագիծը, համուզմունքներ, բարու և չարի զանազանման ունակություն, սեր առ Աստված, բարոյական կողմնացույց, ամբողջ կյանքի ընթացքում նվիրվածություն կնոջս ու ընտանիքիս։ Շնորհակալություն, ծնողներ։

7. Ես ունեմ ազատություն, խաղաղություն։ Շնորհակալություն, նահատակներ։

8. Ես լսում եմ հրաշալի երաժշտություն և քնարերգություն։ Շնորհակալություն, երաժիշտներ և բանաստեղծներ։

9. Ես ունեմ սիրելի եկեղեցի և Աստծուն երկրպագելու հնարավորություն։ Շնորհակալություն,  հովիվներ։

10.  Տանը ես ունեմ հրաշալի հարմարավետություն, համեղ սնունդ և հաճելի մթնոլորտ։ Շնորհակալություն, Ազնիվ։

Իմ այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ ինչպե՞ս է ձեր ցուցակի հարցը։ Կարծում եմ, դուք էլ ունեք այդպիսի ցուցակ։ Ինչ-որ մեկը որոնել և գտել է մեր կյանքը հեշտացնելու և մեզ երջանկացնելու ձևը։

Իսկ դո՞ւք։ Երազո՞ւմ եք հոդված կամ գիրք գրել։ Գրե՛ք։ Երազո՞ւմ եք սովորել և գիտական աստիճան ստանալ։ Սովորե՛ք։ Երազո՞ւմ եք երեխաների հետ աշխատել։ Աշխատե՛ք։ Երազո՞ւմ եք որևէ գործի վարպետ դառնալ։ Դարձե՛ք։ Երազո՞ւմ եք գարծարարությամբ զբաղվե՞լ։ Զբաղվե՛ք։ Երազո՞ւմ եք Աստծո գործում օգտակար լինել։ Եղե՛ք։

Աստված մշտապես որոնումների մեջ է։ Ի՞նչ է Նա որոնում։ Նրա ցանկությունն է, որ մենք «իր Որդու պատկերին կերպարանակից» լինենք (Հռոմեացիս 8.29), «Նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ (Փիլիպեսցիս 1.6), մենք «հաստատված (ենք) բարի գործերի համար» (Եփեսացիս 2.10), «Եվ սույն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հավատքով ներկայացրեք առաքինությունը, և առաքինությունով` գիտությունը և գիտությունով` ժուժկալությունը և ժուժկալությունով` համբերությունը և համբերությունով` աստվածպաշտությունը և աստվածպաշտությունով` եղբայրսիրությունը և եղբայրսիրությունով` սերը» ( Բ Պետրոս 1.5-7)։ Մի խոսքով. «Բնավորությունը»։

Իր բնավորությունը արտացոլված իր զավակների մեջ. ահա Աստծո որոնումների նպատակը։ Մեր բնավորության զարգացման և աճի համար մենք պարտական ենք Աստծուն։ Շնորհակալություն, Տեր։

Սակայն Աստված վակուումի մեջ չի գործում, Նրա որոնումները դառնում են մեր որոնումները։ Մենք օգտագործում ենք աստվածաշնչյան «սիրտ» բառը, քանի որ այն նշանակում է մի վայր, որտեղ ձևավորվում են մեր բնավորությունները։ Նախ, պետք է պահպանենք մեր սիրտը, հետո` տանք մեր սիրտը։

Սրա մասին դեռ շատ կխոսենք ապագայում։

Թող բնավորության արկածախնդիր որոնումներով ճանապարհորդությունը դառնա մեր ամբողջ կյանքի երազանքը։

Պավել Սարգսյան

Առաջին անգամ գրառվել է «Կյանք» կայքում 2015 թ. նոյեմբերի 2-ին

001. Շնորհավոր Ամանոր

 Ողջո՜ւյն, սիրելի բարեկամ

Արդեն անցյալի գիրկն անցավ 2015 թվականը, և մենք մուտք գործեցինք 2016 թվականը։

Մեկ տարով էլ մոտեցանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր և երանելի գալստյանը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող այս նոր տարին լինի նորանոր հաջողությունների տարի։ Թող Աստված օրհնի մեզ բոլորիս և իրականացնի մեր բոլոր այն իղձերն ու ցանկությունները, որոնք Նրա կամքի համաձայն են։

Թող մեր աղոթքը լինի Դավիթի խնդրանքի պես։

143 Սաղմոսի մեջ ասվում է. «Ով Տեր, լսիր իմ աղոթքը։ Ականջ դիր իմ աղաչանքին։ Պատասխանիր ինձ քո ճշմարտությունով և քո արդարությունով։

…Ես հիշում եմ առաջի օրերը։ Մտածում եմ քո բոլոր գործերի վրա։ Խորհում եմ քո ձեռքերի գործերի վրա։ Առավոտը լսել տուր ինձ քո ողորմությունը, որ քեզ եմ հուսացել։

Ինձ ցույց տուր այն ճանապարհը, որ պիտի գնամ նրանում, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

…Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը։ Քո բարի Հոգին թող առաջնորդի ինձ դեպի ուղիղ երկիր։ Տեր, քո անունի համար ապրեցրու ինձ… որովհետեւ ես քո ծառան եմ»։

Քրիստոսի մեծագույն Հանձնարարության (Մատթեոս 28.19,20) համաձայն մենք կոչված ենք Նրա աշակերտները և վկաները լինելու։

Եկեք, ուրեմն, մեր բոլոր տաղանդներն ու ջանքերը ներդնենք Նրա թագավորության հաստատմանը նպաստելուն թե տեղական եկեղեցու, և թե Համացանց եկեղեցու մակարդակով։

Տարածենք Նրա բարի լուրը մարդկանց երջանկություն, հաջողություն, օրհնություններ և փրկություն բերելով։

Միանանք երկնավոր զորքի բազմությանը, որ Քրիստոսի ծննդյան ժամանակ «Աստծուն օրհնում էին և ասում. Փառք Աստծուն բարձունքում, և երկրի վրա՝ խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն»
(Ղուկաս 2.13,14)։

Սիրով,
Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու հովիվ,
Պավել Սարգսյան