7. Հոդվածներ
Վերադառնալ բլոգ001. ՋՈՒՐ` ՀՐԱՇՔ ԱՌԱՆՑ ԿԱԼՈՐԻԱՆԵՐԻ
1952 թ. շվեդները ծրագրեցին Էվերեստի գագաթի նվաճումը, սակայն հանձնվեցին, երբ գագաթին մնացել էր ընդամենը 300 մ: Ի՞նչ պատահեց: Անհաջողության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերելքի ժամանակ լեռնագնացները օրական 2 բաժակից քիչ ջուր էին օգտագործում: Դա շատ քիչ էր հասուն տղամարդկանց համար, ովքեր իրենց ջրազրկման ծանր աստիճանի մատնեցին:
Անգլիացի լեռնագնացների մեկ այլ խումբ, որի ղեկավարն էր Էդմունդ Հիլարին` այդ իրադարձությունից 1 տարի անց կրկնեց Էվերեստի գագաթը նվաճելու փորձը: Այդ լեռնագնացները հաշվի առան բժիշկների խորհուրդները և ամեն օր միջինը 12 բաժակ ջուր էին օգտագործում:
Արդյո՞ք ջուրն օգնեց նրանց: Միանշանակ` այո: Նրանք նվաճեցին Էվերեստի գագաթը և առաջինը ծածանեցին իրենց երկրի դրոշը աշխարհի ամենաբարձր լեռնագագաթին: Ինչի՞ց էր կախված նրանց հաղթանակը:
Բրիտանական հետազոտության ղեկավար Ջոն Հանգը կարծում էր, որ նրանց հաջողության հիմքում ընկած էր բավարար քանակով ջրի օգտագործումը:
Մեզանից շատերը խորապես սխալվում են` կարծելով, որ բավարար քանակի ջուր են օգտագործում: Ահա ամենավառ հատկանիշները, որոնք խոսում են ջրի անբավարար օգտագործման մասին. տհաճ հոտ բերանից, քրտնքի հոտ, մաշկի գունատություն, մեզի մուգ գույն և տհաճ հոտ:
Մարդու օրգանիզմի միջինում մոտ 60%-ը կազմում է ջուրը: Երեխայի օրգանիզմը ավելի շատ ջուր է պարունակում` 75%: Անհավատալի է, սակայն մեր ուղեղի 85%-ը ջուր է:
Ջուրն անհրաժեշտ է մեր օրգանիզմի կենսական հետևյալ կարևոր ֆունկցիաներն իրագործելու համար.
շնչառությունը,
մարսողությունը,
թքարտադրությունը և արցունքահոսությունը,
ջերմակարգավորումը,
հոդերի ամրության ապահովումը:
Այսօր մեզ են առաջարկվում ամենատարբեր ըմպելիքներ: Նրանք ավելի համեղ են և գրավիչ են, քան ջուրը: Սակայն գիտական հետազոտությունները հաստատում են փաստը, որ ավելի լավ և օգտակար հեղուկ, քան ջուրն է` գոյություն չունի: Բացի այդ` համարվում է, որ թեյը, սուրճը և այլ տարածված խմիչքներ համարվում են ջրի լիարժեք փոխարինիչներ: Բժիշկ-դիետոլոգներն այդ կարծիքը սխալ են համարում: Օրգանիզմին իրականում մաքուր ջուր է հարկավոր:
Ջուրը կալորիաներ չի պարունակում, որոնք խաթարում են մարսողությունը և ավելացնում ավելորդ քաշը: Այն չի պարունակում գրգռիչներ, որոնք կործանարար ազդեցություն ունեն մարսողական համակարգի օրգանների զգայուն լորձաթաղանթի վրա: Այն հասանելի է և էժան: Ուշադրություն դարձրեք. Ջուր` առանց կալորիաների, առանց գրգռիչների, միշտ հասանելի և էժան:
Ջուրը մեզ անհրաժեշտ է ամեն օր, քանի որ ամեն օր մեր օրգանիզմը ջուր է կորցնում քրտնարտադրության, շնչառության և մեզի միջոցով:
Եթե օրական ջրի այդպիսի քանակ ենք կորցնում, ապա մեր օրգանիզմը ջրով հագեցնելու անհրաժեշտությունը ակնհայտ է դառնում: Հակառակ դեպքում մեր օրգանիզմը ջրազրկման վտանգի առջև է կանգնում:
Այսպիսով, ամեն օր որքա՞ն ջուր է հարկավոր խմել. խորհուրդ է տրվում խմել օրական նվազագույնը 8 բաժակ ջուր:
Կա մի իմաստուն ասացվածք. 5 բաժակ, որպեսզի կենդանի մնաս, 8 բաժակ, որպեսզի քեզ առույգ զգաս, 10 բաժակ, որպեսզի երիտասարդանաս:
Ձեր առջև նպատակ դրեք` ամեն օր 8 և ավելի բաժակ ջուր խմել: Երբ սովորեք բավարար քանակությամբ ջուր օգտագործել, Դուք անմիջապես կզգաք սակավաշարժ անցյալի և հիասքանչ ներկայի միջև եղած տարբերությունները:
Հաջորդ անգամ, երբ Ձեզ հարցնեն, թե ինչ կխմեիք, թող Ձեր պատասխանը լինի. «Մեկ բաժակ ջուր, խնդրեմ: Չէ՞ որ դա ամենահրաշալի ըմպելիքն է»:
Ընտրեք ջուրը, և Ձեր ընտրությունը Ձեզ առողջ կդարձնի:
Սամվել Սարգսյան,
Բժիշկ
https://issuu.com/luysanmar/docs/la___1_12.02.2019
0 Մեկնաբանություն
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը