4. Ֆեյսբուք
Վերադառնալ բլոգ005. ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»` այս խոսքերը շատ հաճախ են հնչում նոր տարվա տոների կապակցությամբ։ Թե ինչու են մարդիկ Ամանորը և սուրբ Ծնունդը միմյանց հետ անմիջականորեն կապում, կանդրադառնանք մյուս շաբաթ, իսկ հիմա խոսենք Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
Ոմանք Քրիստոսի ծննդյան օրը համարում են դեկտեմբերի 25-ը, ոմանք՝ հունվարի 6-ը, իսկ երրորդները՝ հունվարի 7-ը։ Մի կողմ թողնելով Քրիստոսի ծննդյան օրվա հարցը, այսօր անդրադառնանք Քրիստոսի ծննդյան փաստին։
Աստվածաշնչին քիչ ծանոթ մարդկանց մոտ կա թյուր կարծիք, որ Քրիստոսը Մարիամից Բեթլեհեմում ծնվելուց հետո էր, որ սկսեց գոյություն ունենալ։ Սակայն Աստծո խոսքը շատ հստակ է այդ կապակցությամբ։
Կարդանք Հովհաննեսի ավետարանի սկզբից. «Սկզբումն էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր։ Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ ... Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, և Նրա փառքը տեսանք՝ ինչպես Հորից եղած միածնի փառք՝ շնորհով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.1-3,14)։
Այս համարներում հիշատակվող «Բան» բառը հունարեն բնագրի «Լոգոս» բառն է, որ մասնավորապես թարգմանվում է նաև «Խոսք», այսինքն Քրիստոսը Աստվածության մարմնավորված Խոսքն էր։
Նկատենք, որ Նա մինչև արարչագործությամբ ամեն ինչի կյանքի կոչելը գոյություն ուներ։ Քրիստոսի ծննդյան կապակցությամբ է, որ Եսայիա մարգարեն դեռևս Հին Կտակարանում գրում էր. «Մեզ համար մի Մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր. Խաղաղության Իշխան» (Եսայիա 9.6)։
Հատկանշական է, որ այս ամենն ասվում է Քրիստոսի ծննդյան համատեքստում։ Նա Աստված է, Հավիտենականության Հայրը, այսինքն հավիտենականությունը բխում է Քրիստոսից, Նա է ամեն ինչի Սկիզբը, Ով մարմնավորվելով դարձավ Մարդ, Բեթլհեմում ծնված Մանուկը։
«Փառք Աստծո բարձունքում, և երկրի վրա՝ խաղաղություն և մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.14)։
Սիրելի քրիստոնյա, իմ աղոթքն է առ Աստված ու մաղթանքն առ այն, որ Քրիստոսը այս տարվա ընթացքում ծնվի շատերի սրտում։
Պավել Սարգսյան
0 Մեկնաբանությունs
Ավելացնել մեկնաբանությունԱվելացնեք ձեր մեկնաբանությունը